ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ինչո՞ւ են Իրանում հիշում շահին

Ինչո՞ւ են Իրանում հիշում շահին
07.01.2018 | 11:47

Բողոքական շարժումն Իրանում սկսել է հարուցել ոչ միայն համաշխարհային հանրության ուշադրությունը, այլև իրադարձությունների զարգացումն ու նոր տեղեկությունները ոչ քիչ հանելուկներ են բերում: Եթե վերլուծենք առաջին տեսակետը, կարծես թե որոշակի տրամաբանական շղթա է ստացվում: Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում Իրանը անվանեց «թիվ 1 թշնամի»` մեղադրելով «համաշխարհային ահաբեկչությանն» աջակցելու մեջ և սպառնալով` դուրս գալ միջուկային համաձայնագրից, ու պատժամիջոցներով, սկսեց հավաքել տարածաշրջանային հակաիրանական կոալիցիա, ակնհայտ էր, որ ցանկացած «ընդդիմադիր փռշտոց» Իրանում ակտիվ աջակցելու են Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները: Թրամփի ու նրա վարչակազմի հայտարարությունները, Իրանի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տանելու փորձերը բնական ու բացատրելի են` ինչպես էլ դրան վերաբերվես:


Հիմա հանելուկների մասին: Սկզբում Թեհրանն ասում էր, որ շարժումն ընդգրկում է 15000 մարդ, հետո թիվը հասավ 40000: Երկրի տասնյակ քաղաքներում բռնկված շարժումն ունի սոցիալ-տնտեսական ենթատեքստ և քաղաքական լուրջ վտանգ չի ներկայացնում: Դա հաստատեց և Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունելով, որ ցույցերի հանգեցրել են երկրի «ներքին խնդիրները»: Այդ դեպքում ինչու՞ Թեհրանը դիմեց բռնությունների` բողոքի շարժումը ճնշելիս: Հավանաբար` այդ որոշումը ընդունվեց, երբ սոցիալական կոչերն անցան քաղաքական կարգախոսների, ցուցարարները սկսեցին պահանջել վարչակարգի տապալումը, քննադատել արտաքին քաղաքականությունը: Առաջին դեպքում ելքը ճգնաժամից հնարավոր էր կառավարության պաշտոնափոխություններով, սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավող բարեփոխումներ անելու անհրաժեշտության հայտարարություններով: Երկրորդ դեպքում` խոսքը վարչակարգի պահպանության մասին է, որ վճռել է հաջակցություն իրեն բազմահազարանոց ցույցեր կազմակերպելով ցուց տալ սեփական քաղաքական դիմացկունությունը, մատնանշել արտաքին խաղացողների «խարխլող գործունեությունը»` գլխավորապես ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի: Այս փուլում հնարավոր է անել երկու եզրակացություն. 1.Ներկա ճգնաժամից դուրս գալուց հետո հազիվ թե Իրանը պահպանի իշխող դասի արտաքուստ թվացյալ միասնությունը:

Կա մեկ այլ վարկած, որ առաջադրել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զիլֆուղարովը. «Իրանի ղեկավարության մեջ առանց անձերի փոփոխության կկատարվի իշխանական իրավասությունների վերաբաշխում»: Նրա կարծիքով` «Իրանի ղեկավարության մի մասը վճռել է ներգործել այս իրավիճակի վրա` դիմելով երկրում բողոքական տրամադրությունների գաղտնի հրահրման»: 2. Իրանի նկատմամբ Վաշինգտոնի «սիրո-ատելության» ջերմաստիճանը օրեցօր բարձրանում է` ցանկացած պատրվակով: Ինչքան խորանում ես անտառում, այնքան շատ փայտ ես գտնում: Ռուս փորձագետ Միխայիլ Բելյաևը «Вестника Кавказа»-ի համար կանխատեսել է. «Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հակահամակարգային քաղաքական շարժումը, որ փաստացի հրաժարվում է հենվել շիական իսլամի վրա` իբրև իրանյան հասարակության անկյունաքարային միավորիչ գործոնի, շեշտը կդնի պարսկական ազգայնականության ու պանիրանիզմի գաղափարների վրա»: CIA - The World Factbook տեղեկագրի տվյալներով` 2010-ի հուլիսին Իրանում ապրում էր 76 923 300 մարդ, 51 %-ը` պարսիկներ, 24-ը` ադրբեջանցիներ, 8-ը` գիլյանցիներ ու մազանդարանցիներ, 7-ը` քրդեր, 3-ը` արաբներ, 2-ը` լուրեր, բելուջներ, թուրքմեններ, 1-ը` այլ ազգեր: Պարսկալեզու է բնակչության 58 %-ը, մնացածը խոսում են թուրքերեն, քրդերեն, արաբերեն, լուրերեն և այլն: Իրանագետ Ելենա Գալկինան գրում է, որ հիմա, համենայն դեպս, հրապարակավ, իրանական «ազգաշինարարությունը» հաջողությամբ շարունակվում է կրոնական-ազգայնական գաղափարախոսության շրջանակներում, որ ինչ-որ առումով պանիրանիզմի գաղափարախոսության իրականացումն է: Անցումը պարսկական ազգայնականությանը, պարսկական նույնականացմանը կարող է կապվել միայն պետության փլուզման հետ: Ո՞րն է ինտրիգը:

Իրանում ներկա բողոքավորների կարգախոսներից մեկը շահի միապետության վերականգնումն էր, իսկ շահի հայեցակարգում իրանցի ազգի տեղն աշխարհում որոշվում էր այսպես. «Մենք արևելյան ժողովուրդ ենք, բայց մենք արիացի ենք: Մենք ասիական արիական պետություն ենք, մեր մտածելակերպը, մեր փիլիսոփայությունը մոտ է եվրոպական մտածելակերպին ու եվրոպական պետությունների փիլիսոփայությանը»: Իմամ Հոմեյնիի մահից հետո Իրանում սկսեցին վերածնվել նախաիսլամական շրջանի պատմական հիշողության մոտիվները: Այս մոտեցումը Իրանի բողոքական շարժման զարգացման հեռանկարներին խնդիրը հանգեցնում է ոչ թե «լիբերալների» ու «պահպանողականների» պայքարին, այլ` «էթնոազգայնականների» ու «պահպանողականների», որ իրանական բեմ է բերում, ինչպես արդեն եղել է Իրանի նորագույն պատմության մեջ, նախ և առաջ ադրբեջանցիներին` իբրև թվով երկրորդ էթնոսի: Ռուս և ադրբեջանցի որոշ փորձագետներ արձանագրում են, որ բողոքի շարժման մեջ իրանցի ադրբեջանցիները նկատելի մասնակցություն չունեցան: Եվ ինչու՞ ունենային, եթե երկրի բարձրագույն ղեկավարի` ծագումով ադրբեջանցի այաթոլա Ալի Համենեիի դեմ պայքարն ընկալվելու էր հայրենակցի դեմ պայքար: Այսօր Իրանի հոգևորականների մեծ մասը էթնիկ ադրբեջանցի է: Նրանք լայնորեն ինտեգրված են իշխող էլիտայում: Գուցե հենց այդ պատճառով, այլ ոչ թե Սիրիայում Իրանի հետ ալյանսի գործոնով պայմանավորված` Թուրքիան դեմ էր «սադրանքներին» Իրանում, իսկ Էրդողանն անձամբ աջակցություն հայտնեց Ռոհանիին` մեղադրելով Թրամփին ու Նեթանյահուին` բողոքականներին աջակցության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը հույս հայտնեց, որ «իրադարձությունները խաղաղ հունով կընթանան` Իրանի օրենսդրության համապատասխան»: Եթե այդպես է, իրադարձությունների ընթացքը վկայում է ժամանակակից իրանցի պոլիէթնիկ ազգի, որ ձևավորվել է պարսկական էթնոմշակութային հիմքի վրա, ճգնաժամը: Զիլֆուղարովը, որ լավ է զգում ու հասկանում իրավիճակը, ենթադրում է փոփոխություններ Իրանում, որ կարող են կապ ունենալ Մերձավոր Արևելքի իրադարձությունների հետ: Նա հայտարարել է. «ՈՒզում եմ անդրադառնալ ցանցերում տարածված բանավեճին «շուտով Հյուսիսային ու Հարավային Ադրբեջանի միավորման մասին»:

Նմանօրինակ քննարկումների մասնակիցների դիրքորոշման առեղծվածն է, որ նրանք քննարկում են «գործընթացի» ինչ-որ վերջնական փուլը` անտեսելով, որ նախ պետք է Իրանի` իբրև պետության փլուզումը, նրա մասնատումը ազգային միավորների, նրանցից ազգային պետությունների ձևավորումը, և հետո միայն հնարավոր միավորումը: Առաջին, երկրորդ ու երրորդ փուլերի ոչ մի նշան ես չեմ տեսնում, այդ պատճառով չորրորդ փուլի մասին խոսելը բացարձակապես անլուրջ է»: Baku Network-ի փոխտնօրեն Գյուլնարա Մամեձաձեն զգուշացնում է, որ Իրանում պետք է սպասել իշխանության համակարգի ձևափոխման` հասարակության կառուցվածքի հետագա փոփոխությամբ: Դրանից հետո իրադարձությունների բացասական զարգացման դեպքում ռիսկեր կարող են առաջանալ արդեն Ադրբեջանի համար` և «Իրանի հետ մասշտաբային նախագծերի օդում կախվելու հավանականության», և Հարավային (Իրանական) Ադրբեջանից փախստականների հոսքի: Անկախության հաստատումից հետո ադրբեջանական պաշտոնական գաղափարախոսության ու պատմագրության մեջ գերիշխում է տեսակետը, որ Ադրբեջանը միասնական, պատմական տարածք է` արհեստականորեն բաժանված երկու մասի: Պատրա՞ստ է Բաքուն իրադարձությունների այդ ընթացքին: Եվ ոչ միայն Բաքուն:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, ինչու՞ են Իրանում հիշում շահին: Ռուսները մի լավ ասացվածք ունեն` «Մի կիսեք չխփված արջի մորթին»: Այն տպավորությունն է, որ Ռուսաստանում ու Ադրբեջանում «որոշ փորձագետներ» հենց այդ գործով էլ զբաղված են: Իրանում սոցիալական, թե քաղաքական դրդապատճառներով սկսված շարժումը` ներքին, թե արտաքին միջամտությամբ, բոլորովին չի նշանակում, որ վաղը պետությունը մասնատվելու է, իսկ հաջորդ օրը Ադրբեջանը «վերամիավորվելու է» իր իբր պատմական տարածքի հետ, որ շատ մեծ հարց է, թե իրականում ու՞մ տարածքն է: Իրանի պետականության համար շատ վտանգավոր է դեկտեմբերի 28-ին սկսված և արդեն նվազող բողոքների հիմքում դնել էթնիկ գործոնը: Նույն այդ պայթուցիկը համապատասխան իրավիճակում կարող է «պայթեցնել» Ադրբեջանը: Պետք չէ ազգայնականության հետ խաղալ: Շատ ավելի հավանական է, որ բողոքի բռնկումները ներքաղաքական պայքարի հետևանք էին և առաջիկա զարգացումները թերևս հենց այդ վարկածը կհաստատեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ